Մենք հայկական գորգերի և կարպետների տվյալների ամենամեծ բազան ստեղծելու ճանապարհի ենք: Գրանցեք և ավելացրեք Ձեր արժեքավոր գորգը և դարձեք մեր հայկական գանձերի մասը և մեր թիմի անդամ:

Հայկական Գորգի Պատմությունը

Կրկնակի հանգույց

Հին հայկական ավանդական գորգերը գործվել են Հայկական «կրկնակի հանգույց»-ով:

Կարմիր գույնը

Հայկական գորգերի կարմիր գույնը ստացվել է «որդան կարմիր» ներկանյութով, որպես ապացույց հենց հանդիսանում է Էրմիտաժում ցուցադրվող ամենահին «Պազիրիկ» գորգը, մ.թ.ա. 5-4-րդ դար, որի «որդան կարմիր» ներկով ներկված լինելը արդեն ապացուցված է գիտնականների, մասնավորապես Ի. Ռուդենկոյի կողմից: Արաբ պատմիչները նշում են, որ ժամանակին եվրոպական շուկաներում ամենաարժեքավոր գորգերը հայկական գորգերն էին, որովհետև դրանք պատրաստված էին բարձրորակ բրդով և ներկված դիմացկուն «որդան կարմիր» ներկանյութով, վերջինիս պատճառով հայկական գորգերը հայտնի էին արաբական աշխարհում «կրմզ» (կարմիր) անունով:

Հումք

Հայկական բարձրորակ գորգերը պայպանավորված են եղել նաև հայկական լեռնաշխարհում եղած « բալբաս» տեսակի ոչխարի բրդով, որն ուներ հատուկ որակ և փայլ, այս մասին կան փաստեր և պատմական աղբյուրներ: Արևմտյան Հայաստանում լայն տարածում ուներ նաև անգորական այծի բուրդը: Պատմական Հայաստանի բոլոր այն շրջաններում, որտեղ կար ու զարգացած էր բամբակի և մետաքսաթելի մշակումը, զուգահեռաբեր այդ շրջանների գորգագործության մեջ կիրառվում էր նաև բամբակը և մետաքսաթել: Մասնավորապես, Արցախի հարավային շրջաններում, Մեղրիում և Նախիջևանում՝ բամբակ, մետաքս, Խարբերդում՝ մետաքս, Վասպուրականի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտավայրում ՝ բամբակ:

Տեխնոլոգիա

Պատմական Հայաստանի տարածքում, բացի գործվածքի նմուշներից, գտնվել են հնագույն գորգագործական գործիքներ, ոսկրե կտուտիչներ (մ. թ. ա. 2-1-ին հազ.): Հնագիտական պեղումներից գտնվել են իլիկի գլուխներ (Շիրակավան, Արգիշտիխինիլի), ասեղներ (Շիրակավան, Նոյեմբերյան), խեցու բեկորներ` գործվածքի դաջվածքներով, բրոնզեդարյան ջուլհակի հաստոց, ջուլհակի գործիքներ (Շիրակավան, Լճաշեն, Արգիշտիխինիլի), բրդե թելի կծիկ (Կարմիր բլուր): Այդ մասին վկայություններ կան նաև ասուրական աղբյուրներում (Ասորեստանի Աշուրնասիրբալի (9-րդ դար մ. թ. ա.), Սարգոն 2-րդի (8-րդ դար մ. թ. ա.) հիշատակությունները ավար վերցված գործվածքների և զգեստների մասին): Գորգագործական տորք (դազգահ, ճոլք, թառհանա)՝ գորգ, կարպետ, մեզար գործելու հաստոց: Գորգ գործելու սարքը (տորք, ոստան, հանա) մի մեծ հարմարանք է, որի պատկերը հայտնի է 14-րդդ. վիմագիր աղբյուրներից: Հայաստանում մինչև 19-րդ դարի 70-ական թվականները օգտագործվում էր ուղղահայաց սեպավոր հին տորքը:

Գեղազարդում

Հայկական գորգերում օգտագործված նախշերն ու հորինվածքները հայտնի և տարածված են եղել դեռ վաղ քրրիստոնեական մշակույթում և լավագույնս արտահայտված են հայկական մանրանկարչությունում, ինչպես նաև հայկական կիրառական արվեստի այլ ոլորտներում՝ ճարտարապետություն, քանդակագործություն, ասեղնագործություն և ժանյակ, խաչքարեր, քարի և փայտի գեղարվեստական մշակում, մետաղագործություն՝ ոսկերչություն և արծաթագործություն, տարազ և այլն: Որպես այդպիսի նախշի օրինակ հենց կարելի է դիտարկել հայկական հավերժության կամ վիշապի նախշը:

Պատմություն

Գորգագործության մասին առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Քսենոփոնի «Անաբազիսում»: Առաջավոր Ասիայից Թրակիա վերադառնալու ճանապարհին Քսենոփոնը, հրավիրված լինելով Սոթեսի մոտ հացկերույթի, պատմում է հետևյալը. «Տիմազիոն Դարդանացին, որ բաժակներ և բարբարոսական գորգեր ուներ, խմելով Սոթեսի կենացը նրան նվիրեց արծաթե մի բաժակ և մի գորգ…»: Այն իրողությունը, որ հունական 10000-անոց զորքը նահանջել է պատմական Հայաստանի տարածքով և այն, որ պատմիչը նշում է բարբարոսական գորգեր և ոչ հունական «տապիսներ», որոշ հիմքեր են տալիս ենթադրելու, որ Սոթեսին նվիրված գորգերը պետք է լինեին հայկական: