ԼՈՌԻ-ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Այսօր Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը հանդիսանում է ՀՀ-ի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը, որը հանրությանը ներկայացնում է հայ ժողովրդի հարուստ նյութական մշակութային արժեքները: Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1938թ.՝ թանգարանային գործի մեծ երախտավոր, հնագետ-լեզվաբան Եղիա Մոմջյանի կողմից: Այսօր թանգարանի հիմնական ցուցանմուշների թիվը հասնում է ավելի քան 37 հազարի, որոնք դասակարգված են ըստ բաժինների՝ հնագիտության, ազգագրության, նոր-նորագույն պատմության:
Հնագիտության բաժնում ամփոփված են Լոռվա տարածաշրջանի դամբարաններից ու բնակավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի ցուցանմուշներ
(աշխատանքային պարզագույն գործիքներ, սակրեր, նիզակներ, սրսր, դաշույններ, խեցեղեն անոթներ, պերճանքի, արդուզարդի պարագաներ և այլն):
Ազգագրության բաժնում ընդգրկված են լոռեցիների կենցաղը ներկայացնող ցուցանմուշներ՝ գյուղատնտեսական գործիքներ, կահ-կարասի, սպասքի և զարդարանքի պարագաներ թանկարժեք մետաղից, զենքեր,գորգեր և կարպետներ:
Նոր-նորագույն պատմության բաժինը ներկայացնում է Լոռի-Փամբակի պատմությունը, նրա նշանավոր անհատների գործունեությունը, հարակից երկրների հետ ունեցած տնտեսական-մշակութային կապերի մասին վկայող փաստաթղթեր: